Թուրքիան, որպես գազի տարանցիկ երկիր, նույնպիսի գլխացավ է դառնալու Եվրոպայի համար, ինչպիսին Ռուսաստանի համար Ուկրաինան է: Նման կարծիք է հայտնել Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի տնօրեն Կոնստանտին Սիմոնովը:

«Ռոսբալտ»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Թուրքիան վերածվում է շատ լուրջ գազային գործոնի եւ, այդ առումով, նա մրցակից է Ռուսաստանին, որովհետեւ ագրեսիվորեն լոբբինգ է անում գազի Հարավային միջանցք ծրագրի շինարարությունը:

Հարավային տրանսպորտային միջանցքը ենթադրում է գազատարի կառուցում Կասպից ծովից դեպի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը: Միջանցքի մեջ ներառված են Nabucco գազատարը, Տրանսադրիատիկ գազատարը (TAP), Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազատարը եւ «Սպիտակ հոսքը» (հնարավոր ուկրաինական գազատարը` շրջանցելով Ռուսաստանը, Վրաստանով Եվրոպա):

Փորձագետի գնահատմամբ, Եվրոպան լուրջ գլխացավ կստանա, քանի որ Թուրքիան անպայման կօգտագործի տարանցիկ երկրի իր կարգավիճակը` քաղաքական ճնշումներ գործադրելու համար:

Նա նաեւ ընդգծել է, որ Nabucco-ն, ամենայն հավանականությամբ, կյանքի չի կոչվի, փոխարենը շատ ավելի իրատեսական է Տրանսադրիատիկ խողովակաշարը: Վերջինիս թողունակությունը կազմում է տարեկան 10 մլրդ խմ: