Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքի News International ընկերության հետ կապված սկանդալը չի ավարտվում։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման գործի բացահայտումից հետո այս անգամ պաշտոնը լքել է Մերդոքի որդին՝ Ջեյմս Մերդոքը՝ News International-ի կառավարիչների խորհրդի նախագահը։

Մերդոք կրտսերը հայտարարել է, որ պաշտոնը լքում է, որպեսզի ուժերը կենտրոնացնի միջազգային հեռուստատեսային բիզնես կորպորացիայի վրա։ Նա կմնա News Corp.-ի գլխավոր օպերացիոն տնօրենի տեղակալի պաշտոնում։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Ջեյմս Մերդոքը լքել էր The Times-ում, The Sunday Times-ում եւ The Sun-ում ղեկավարի իր պաշտոնները։ Մերդոք կրտսերին հրավիրել էին հեռախոսազրույցների գաղտնալսման գործով հետաքննող հանձնաժողով, որտեղ նա հավաստիացրել էր, թե տեղյակ չի եղել, որ վերոնշյալ մեդիա ընկերությունների կողմից տեղի է ունեցել անօրինական գաղտնալսումներ, նշում է Газета.Ru -ն։

Հիշեցնենք, որ միլիարդատեր եւ մեդիամագնատ Ռուփերթ Մերդոքի ընկերության դեմ բացահայտված սկանդալը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, որտեղ պարզել էին, որ News of the World ընկերության աշխատակիցները գաղտնալսել են հանրահայտ մարդկանց եւ սովորական քաղաքացիների հեռախոսազրույցները։ Սույն գործում նաեւ խառնված էր Սքոթլանդ Յարդը՝ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունը։