Վրաստանը միակողմանի կերպով չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը: Երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ստորագրած հրամանագիրն ուժի մեջ է մտել այսօրվանից` փետրվարի 29-ի երեկոյան, երբ հրապարակվել է «Վրաստանի օրենսդրական լրաբեր» կայքում:
Նոր հրամանագրի համաձայն, ՌԴ քաղաքացիները Վրաստան այցելելու եւ երկրի տարածքում 90 օր գտնվելու համար վիզայի անհրաժեշտություն չունեն, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Միաժամանակ, ականատեսների վկայությամբ, ոչ վիզային ռեժիմն այսօր արդեն գործել է Թբիլիսիի օդանավակայանում: Սա հաստատել է նաեւ «Դոժդ» (Անձրեւ) հեռուստաընկերության լրագրողներից մեկը, ով Սահակաշվիլիի հետ զրույցում իր հոգունակությունն է հայտնել այդ հրամանագրի կապակցությամբ:
«Վրաստանում ամեն բան շատ արագ է արվում: Ասեցինք, որ կհանենք վիզային ռեժիմը, հանեցինք 5 րոպեի ընթացքում»,-ասել է Սահակաշվիլին:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի հետ վիզային ռեժիմը հանելու նախաձեռնությամբ Սահակաշվիլին հանդես էր եկել փետրվարի 28-ի երեկոյան` Վրաստանի խորհրդարանում իր տարեկան զեկույցը ներկայացնելու ժամանակ:




























