41-ամյա տաքսիստ Ահարոն Գալստյանը, ով մեղավոր է ճանաչվել 7 սպանության, 26 ավազակային հարձակման, երկու գողության եւ փաստաթղթերի հափշտակման 9 դրվագների հետ առնչություն ունենալու համար, Սանկտ-Պետերբուրգի դատարանի վճռով դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, տղամարդը զբաղվել է իր «ՎԱԶ-21150» ավտոմեքենայով մասնավոր փոխադրումներ իրականացնելով: Նա իր ոչ սթափ ուղեւորներից սուրճ կամ «կոլա» է հյուրասիրել, դրանց մեջ «Ազելեպտին» խառնելով: Երբ ուղեւորները կորցրել են գիտակցությունը, Գալստյանը նրանց տեղափոխել է անմարդաբնակ վայր, վերցրել նրանց թանկարժեք իրերը, իսկ նրանց դուրս նետել մեքենայից:
RuFox-ը նշում է, որ հաճախակի կրկնվող թունավորումները գրավել են բնակիչների ուշադրությունը եւ լայն արձագանք ստացել քաղաքում: Սպանվածներից մեկը նախքան Գալստյանի հյուրասիրած սուրճն ըմպելը, հասցրել է զանգահարել կնոջը, որի օգնությամբ ոստիկանները կարողացել են ճշտել մեքենայի գտնվելու վայրը, դիտել տեսախցիկների ձայնագրությունները եւ պարզել մարդասպանի մեքենայի համարը:
Երբ Գալստյանին ձերբակալել են, նրա մոտ հայտնաբերել են «Ազելեպտինի» ավելի քան 100 հաբ:
Նշվում է, որ դատարանը ստիպված է եղել լսել 300 վկաների ցուցմունքները:
Գալստյանը չի ընդունել մեղքը: Նրա ընտանիքն ու հայկական համայնքը խզել են հարաբերությունները նրա հետ:




























