Գուբայի շրջանի տեղական կառավարիչ Ռաուֆ Հաբիբովը հրաժարական է տալիս: Այդ մասին ցուցարաներին հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Վահիդ Ահմեդովը, հաղորդում է APA-ն:
Հիշեցնենք, որ այսօր` մարտի 1-ին, Ադրբեջանական ոստիկանությունը Գուբայի շրջկենտրոնում` հանրապետության հյուսիսում, արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: Բացի այդ, անկարգությունները ճնշելու համար ներգրավվել են ներքին զորքերի զինծառայողներ: Անկարգությունների պատճառ են դարձել շրջանային վարչակազմի ղեկավար Ռաուֆ Հաբիբովի` բնակիչներին ուղղված վիրավորական արտահայտությունները:
Պաշտոնյան օրերս հողատարածքների վաճառքի հետ կապված գուբացիներին մեղադրել էր նրանում, որ վեջիններս «վաճառել են իրենց եւ իրենց շրջանը»:
Մարտի 1-ի առավոտից տեղական իշխանության վարչական շենքի մոտ մինչեւ տասը հազար մարդ է հավաքվել: Նրանք պահանջել են պաշտոնյայի հրաժարականը եւ քարեր նետել շենքի վրա: Այնուհետեւ կրքերն ավելի են թեժացել, որի հետեւանքով ցուցարարները հարձակվել եւ հրդեհել են տեղական կառավարչի տունը:




























