Որեւէ շարժում չի կարող տեղ հասնել, իր նպատակներին մոտենալ, եթե մարտի 1-ի ոճրագործության արդար գնահատականը չի տրվել: Այս մասին այսօր` մարտի 1-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, հավելելով, որ դա Հայ ազգային կոնգրեսի սուրբ պարտականությունն է:
«Ես խոնարհվում եմ մարտի 1-ի զոհերի ծնողների առաջ: Նրանք կանգնած են մեր շարժման առաջին շարքերում: Մենք ենք կանգնած նրանց կողքին: Մարտի 1-ի զոհերի հերոսներ են, ժողովրդավարության ճանապարհին ընկած նահատակներ:
Այս իշխանությունը նպատակային Հայաստանում աղքատություն է տարածում, գների աճ, արտագաղթ է կազմակերպում, զոհեր է տալիս բանակում իշխանություն պահելու համար»,-նշեց Արամ Մանուկյանը, նկատելով, որ Հայաստանում աղքատությունն արդեն 40 տոկոս է:
«Որքան աղքատությունը մեծանում է, այնքան խեղճությունը, արտագաղթելու ցանկությունն աճում է: Որքան աճում է արտագաղթը, ավելանում են ներդրումները, իսկ դա սրանց համար լափելու նոր հնարավորություններ է ստեղծում: Այս իշխանություններն ուզում են ժողովրդին բերել խեղճ վիճակի, որ 5 հազար դրամ ընտրակաշառքը երազանք դառնա»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսում են քաղաքական տարին: «Մայիսի 6-ն ամենեւին խորհրդարանական ընտրություններ չեն, այլ նախագահական ընտրությունների սկիզբն է: Ես մանդատ չեմ ուզում, ես ուզում եմ մի մանդատ ժողովրդի համար` նախագահի մանդատը, եւ մայիսի 6-ին մենք գնում ենք նախագահական ընտրությունների առաջին փուլին:Ով քարոզեց Սերժին, նա արտագաղթի, բանակում սպանությունների, մարտի 1-ի սպանությունների կոծկելու կողմնակիցն է»,- իր խոսքն ամփոփեց ՀՀՇ վարչության նախագահը:



























