Սերբ ազգայնականների առաջնորդ Վոիսլավ Շեշելը Հաագայի Միջազգային դատարանի մեկուսարանից կրկին հիվանդանոց է տեղափոխվել:
Հաղորդվում է, որ հոսպիտալացումը պայմանավորված է եղել նախապես պլանավորված բուժմամբ եւ ոչ թե շտապ բուժօգնության անհրաժեշտությամբ:
Հիշեցնենք, որ Շեշելի ներկայացուցիչ Զորան Կրասիչն ավելի վաղ հայտարարել է, թե Շեշելը հունվարի սկզբին կլինիկական մահ էր տարել, սակայն Միջազգային դատարանից այդ տեղեկությունը չէին հաստատել: Հայտնի է միայն, որ սերբ գործիչն այդ ժամանակ հոսպիտալացվել էր սրտի հետ կապված խնդրով եւ նրան կարդիոխթանիչներ էին նշանակել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Վոիսլավ Շեշելը հսկողության տակ է գտնվում 2003 թվականից, երբ ինքնակամ հանձնվել էր Հաագայի դատարանին: Նա մեղադրվում է Հարավսլավիայի պատերազմի ժամանակ ռազմական եւ մարդկության դեմ գործած հանցագործություններում: Շեշելը կտրականապես հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները եւ իր ձերբակալությունն անօրինական է համարում: Դեռեւս անավարտ դատական գործընթացի ընթացքում Շեշելը քանիցս մեղավոր է ճանաչվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ եւ դատապարտվել բանտային կալանքների:




























