NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը մարտի 1-ից գործարկում է մարզական լրատվական նախագիծ։ NEWS.am Sport-ի լրահոսն ընթերցողներին հասանելի կլինի www.sport.news.am հասցեով։ Նոր նախագծում նորությունները կհրապարակվեն հայերեն, անգլերեն եւ ռուսերեն։

Նախագծի նպատակն է ընթերցողին տրամադրել մարզական օպերատիվ եւ օբյեկտիվ լրատվություն ամբողջ աշխարհից եւ Հայաստանից, մեծացնել հետաքրքրությունը հայկական սպորտի նկատմամբ։    

Սպորտը ոչ միայն առավելության հասնելու արվեստ է եւ շոու, այլեւ՝ բիզնես։ Այդ պատճառով մեր նպատակն է արդյունքներից ու վիճակագրություն տրամադրելուց բացի քննարկման առարկա դարձնել մարզաշխարհի բոլոր գլխավոր իրադարձութունները։

NEWS.am-Sport-ում լրատվական հրապարակումները կլրացվեն տեսանյութերով եւ լուսանկարներով, ինչպես նաեւ  սպորտային միջազգային եւ հայաստանյան փորձագետների բացառիկ մեկնաբանություններով։ Sport.news.am կայքում հասանելի կլինի նաեւ սպորտային վիճակագրություն:

NEWS.am-ի թիմը նոր նախագծում էլ շարունակում է վստահել ընթերցողին եւ հնարավորություն է տալիս դառնալ նորության հեղինակ։ Հատուկ այդ նպատակի համար նոր նախագծում գործում է Blogzone բաժինը: Բոլոր ընթերցողները, այդ թվում՝ լրագրողները, մարզիկները, մարզասերները կարող են գրանցվել եւ գրառել իրենց վերլուծությունները, կարծիքները, ինչպես նաեւ լրատվություն հրապարակել։

Նորաբաց կայքը ինտեգրված է գրեթե բոլոր սոցիալական ցանցերին, այդ թվում Facebook-ին, Twitter-ին եւ ВК-ին։

NEWS.am-ի թիմը շնորհակալություն է հայտնում իր ընթերցողին, եւ հիշեցնում, որ Ձեր միջոցով է պահպանում հայատանյան կայքերի մեջ առաջատարի դիրքը։

NEWS.am-ը կշարունակի նոր նախագծեր ներկայացնել ընթերցողին, ավելի հագեցնելով օրվա լրահոսը, եւ կտրամադրի ավելի շատ նորություններ ամենատարբեր թեմաների վերաբերյալ։