«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային «Դրայվ» սակագնային փաթեթների շարքն ընդլայնելու մասին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաճախորդներին առաջարկվում են «Դրայվ-1», «Դրայվ-5», «Դրայվ-10» եւ «Դրայվ-25» սակագնային փաթեթներ` համապատասխանաբար 4000 դրամ, 6000 դրամ, 9000 դրամ եւ 15000 դրամ ամսական բաժանորդային վճարով: «Դրայվ» սակագնային փաթեթներին միանալու համար միացման վճար չի գանձվում: Գերարագ ինտերնետի ծավալը «Դրայվ-1» սակագնային փաթեթում կազմում է 1ԳԲ, «Դրայվ-5»-ում` 5ԳԲ, «Դրայվ-10»-ում` 10ԳԲ եւ «Դրայվ-25»-ում` 25ԳԲ: Օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչեւ 256 kbps:
Բաժանորդները կարող են անվճար անցումներ կատարել շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային «Դրայվ» սակագնային փաթեթների միջեւ: USB-մոդեմի գինը կազմում է 18 հազար դրամ: «Դրայվ» սակագնային փաթեթներից որեւէ մեկից առնվազն 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար: Բաժանորդը կարող է պայմանագիրը կնքելու պահից 5 օրվա ընթացքում դադարեցնել այն, վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց եւ վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց 5 օր հետո, մինչեւ 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը: Մինչեւ մարտի 1-ը կիրառվող «Դրայվ» սակագնային փաթեթը վերանվանվել է «Դրայվ-5»-ի, առանց որեւէ այլ պայմանի փոփոխության:
«Շարժական ինտերնետ» ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ եւ միացնել այն համակարգչին:




























