Մեծ Բրիտանիայի բժշկական հաստատություններում կրթությունն այնքան թանկ է, որ ուսանողներն ստիպված փող են աշխատում... մարմնավաճառությամբ:  Այդ մասին Student BMJ ամսագրի համար գրել է Բիրմինհեմյան համալսարանի բժշկական բաժնի ուսանողուհի Ջոդի Դիքսոնը:

Նա ուսումնասիրել է բժիշկ ուսանողների շրջանում արված սոցհարցումների տվյալները, որոնք հետաքրքրվել էին, թե գիտեն արդյոք նրանք համակուրսեցիներից որեւէ մեկին, ով ուսման վարձը վճարելու համար զբաղվում է մարմնավաճառությամբ: 2010 թվականին այդ հարցին դրական են պատասխանել հարցվողների համարյա 10%-ը: 2003 թվականին նման ուսանողների թիվը կազմել է առնվազն 4%: 2006 թվականին այդ հարցին դրական էին պատասխանել  բրիտանական բժշկական բուհերի ուսանողների 6%-ը, հաղորդում է  Medportal-ը:

Ըստ Դիքսոնի` դա կապված է ուսման վարձի թանկացման հետ: Մասնավորապես, 2003-2010 թվականների ընթացքում բժշկական ֆակուլտետում ուսման միջին վարձը բարձրացել է տարին 1,3-ից մինչեւ 3 հազար ֆունտ սթեռլինգ:  Բացի դրանից, շատ ուսանողների համար սովորելու ընթացքում դժվար է գտնել լավ վարձատրվող աշխատանք, իսկ խանութներում կամ բարում ուսանողական ավանդական աշխատանքը հնարավորություն չի տալիս բժշկական կրթության վարձը վճարելու: