Հայաստանում հաջողությունների հասնելու ակունքը քաղաքացիական հասարակությունն է եւ պետք է ըստ արժանվույնս գնահատել Թեղուտի, Թռչկանի շարժումները, Մաշտոցի պուրակը, զոհված զինվորների ծնողների շարժումը, հանուն հայոց լեզվի անաղարտության շարժումը: Այս մասին, այսօր` մարտի 2-ին, «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարում հայտարարեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ այդ քաղաքացիական շարժումները պետք է զարգացնել, ոչ երբեք` կուսակցականացնել:

«Գալու է օրը, որ դրոշակ տեսնենք նաեւ Մասիսի վրա, բայց պետք է սկսենք մեզնից, որովհետեւ անկախությունն առաջին հերթին պատասխանատվություն է: 20 տարվա  ընթացքում մեր նվաճումների կողքին պետք է անդրադառնանք նաեւ թերություններին: Արտագաղթ, գողացված ճակատագրեր, սպանված զինվորներ, մի մասն են այն շարանի, որի մեղավորը մենք բոլորս ենք:

Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ դժբախտությունների պատճառը եղել ենք մենք ինքներս»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց. «Հայաստանում կայացած կուսակցապետությունն, ի վերջո, պետք է վերածվի Հայաստանի հանրապետության, որ կառավարիչները հաշվետու լինեն քաղաքացիների, այլ ոչ` կուսակցությունների առջեւ: Պետական պաշտոնյան պետք է մի փոքր զուսպ լինի, ապրի ժողովրդի պես:

Հայաստանի նոր իշխանությունը, որ գալու է, գալու է ուժեղ ձեւով, չի գալու մի կուսակցության կերպով, որ իրենք շփոթում են զինանշանի ու դրոշի հետ:

Պիտի տարանջատենք մասնավոր շահը, կուսակցական պատկանելությունը հանրային շահից: Առկա իրականությունն անհրաժեշտ է դարձնում իշխանափոխության հրամայականը»: