Իրանը չի օգտվի միջուկային զենքից, եթե անգամ ենթադրենք, որ ունի այդպիսին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց իսրայելական «NEST Consulting» բանակցային գործընթացների հետազոտական կենտրոնի փորձագետ Վանեսա Սեյմանը:
«Իրանական ղեկավարության մասին կարելի է մտածել ինչ ասես, սական նրանք հիմարներ չեն: Այն ուժը, որ դու ունես միջուկային զենք, ավելի կարեւոր է, քան դրա օգտագործումը: Ենթադրում եմ, որ Իրանը կօգտագործի միջուկային զենք միայն այն պարագայում, եթե անձամբ ենթարկվի հարձակման»,-նշեց Սեյմանը:Փորձագետի խոսքով` իրավիճակն ավելի շատ հիշեցնում է ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ սառը պատերազմը: «Սա ավելի շատ հոգեբանական առճակատում է, ոչ թե սպառազինությունների պատերազմ»,-ընդգծեց փորձագետը:
Անդրադառնալով Իրանի խնդիրներին Մերձավոր Արեւելքի գործընթացների համատեքստում, Սեյմանը կարծիք հայտնեց, որ իրանական խնդիրն ավելին է, քան տարածաշրջանի գործընթացները: «Տվյալ պահին ամենակարեւորը միջազգային ջանքերի շարունակումն է` Իրանին թույլ չտալու միջուկային զենք ստեղծել»,-նշեց նա»:
Նշենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի Երեւանում կազմակերպած «Ավելի քան բանակցություններ. կառավարելով անսպասելին» թեմայով դասախոսության օրը։ Բանախոսը Վանեսա Սեյմանն էր։











