Երեւանում, այսօր` մարտի 2-ին, LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում մեկնարկել է տարվա ամենագեղեցիկ ցուցահանդեսը` «EXPO BEAUTY 2012»-ը: (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

EXPO BEAUTY 2012 միջազգային ցուցահանդեսը նվիրված է գեղեցկության ինդուստրիային: Վերջինս, ի տարբերություն այլ համանման միջոցառումների, ընդգրկում է անհամեմատելի մեծ նպատակային լսարան: Մարտի 8-ի նախաշեմին EXPO BEAUTY 2012 միջազգային ցուցահանդեսը հիրավի մեծ իրողություն է, որը լայն հնարավորություն է ընձեռում առողջության եւ գեղեցկության ոլորտում տեղական արտադրողներին եւ մատակարարներին ներկայացնելու իրենց ապրանքատեսականին եւ ծառայությունները, վերլուծել իրենց հնարավորությունները, ծանոթանալ հաճախորդների ցանկություններին եւ նախասիրություններին, ինչպես նաեւ որոնել նոր շուկաներ եւ գործընկերներ:

EXPO BEAUTY 2012 ցուցահանդեսը հագեցած կլինի գործնական եւ մրցույթային միջոցառումներով, որոնց թվում են` «Miss EXPO Beauty 2012», «Ցուցադրումներ», «Մասթեր Կլասեր», «Լուսանկարահանումներ», «Ծաղկային կոմպոզիցիաների մրցույթ»:
Ցուցահանդեսի նպատակներն են ապրանքների եւ ծառայությունների ներկայացումը, ֆիրմայի գովազդ եւ իմիջի ձեւավորումը, նոր գործնական հարաբերությունների հաստատումը:

Հիմնական թեմատիկ բաժիններն են` բուժական եւ դեկորատիվ կոսմետիկա, պարֆյումերիա, մարմնի եւ մազերի խնամքի ապրանքատեսակներ, հիգիենիկ պարագաններ, գեղեցկության սրահներ, ֆիտնես-ակումբներ, ՍՊԱ կենտրոններ, ոսկերչական զարդեր, հարսանեկան զգեստեր եւ պարագաներ, բիժուտերիա, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ, հագուստ եւ կոշիկ, թեմատիկ տպագրություններ, ամսագրեր եւ այլն:

Logos Expo Center-ի միջոցառման կազմակերպիչ Սուրեն Նազինյանի խոսքով, թեեւ օբյեկտիվ դժվարություններ են եղել, կապված օտարերկրյա ներդրողների ներգրավման, ցուցահանդեսների զարգացման դինամիկայի հետ կապված, սակայն, այցելուների թիվը վկայում է, որ գեղեցկության ինդուստրիայի հանդեպ հետաքրքրությունն աճում է: Ցուցահանդեսի այցելուները նշել են, որ սա լավ հարթակ է նոր գործարար կապեր հաստատելու համար եւ շատ առումներով իրեն արդարացնում է:

Նշենք, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ մարտի 4-ը:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյան