Սիրիայի Հոմս քաղաքում եւս մեկ արեւմտյան լրագրող է սպանվել` իսպանացի Խավիեր Էսպինոսան:
Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական աղբյուրն այսօր հաղորդել է, որ երեք լրագրողների մարմինները հայտնաբերվել են նախկինում գրոհայինների վերահսկողության տակ գտնվող գոտում: Ենթադրվում է, որ դրանք ամերիկուհի Մերի Քոլվինի, ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Օշլիկի եւ իսպանացի լրագրող Խավիեր Էսպինոսայի մարմիններն են:
Մոտ ժամանակներս նրանց կտեղափոխեն Դամասկոս` դատաբժշկական փորձաքննության եւ վերջնական նույնականացման համար:
Իշխանությունները մտադիր են համապատասխան երկրներից խնդրել նրանց ԴՆԹ-ի նմուշները` մարմինները նույնականացնելու համար, որոնք այնուհետեւ Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայությամբ կհանձնվեն Լեհաստանի դեսպանատանը, որը Սիրիայի տարածքում ներկայացնում է նաեւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերը, հաղորդում է «Ռոսբալտը»:
«Էխո Մոսկվին» հաղորդում է, որ Սիրիայի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնում զոհված լրագրողների ընտանիքներին, միաժամանակ կոչ է անում զերծ մնալ ապօրինաբար երկիր մուտք գործելուց, հատկապես` վտանգավոր թաղամասեր, որտեղ ահաբեկչական խմբեր են գործում:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Հոմսում օտարերկրացի երկու լրագրող էին սպանվել` բրիտանական «Սանդի թայմզ» շաբաթաթերթի թղթակից ամերիկուհի Մերի Քոլվինը եւ ֆոտոլրագրող Ռեմի Օշլիկը: Նրանք այլ լրագրողների հետ միասին գտնվել են շինություններից մեկում, որը հրետանային հարձակման է ենթարկվել:




























