Սանկտ-Պետերբուրգում դատարան է հանձնվել ԱԴԾ-ի կապիտան Իվան Կրուգլովի գործը: Կրուգլովը մեղադրվում է հայաստանցի Զվիադ Խաչատրյանի սպանության մեջ: Դեպքից անմիջապես հետո աշխատանքից հեռացված Կրուգլովին սպառնում է 5-ից 15 տարվա ազատազրկում:

Ինչպես հայտնի է դարձել gazet.ru-ին,  Իվան Կրուգլովը դեռ գտնվում է ազատության մեջ` երկիրը չլքելու պայմանով: Դատարան նա անձամբ է ներկայանալու: 2011 թվականի նոյեմբերին նման որոշում էր կայացրել կայազորային դատավոր Դմիտրի Իկանինը: 

Ուժայինին ձերբակալել հրաժարվող դատավորի որոշումն հարուցել էր բլոգերների զայրույթը: 2011 թվականի նոյեմբերին համացանցում հայտնվել էր բաց նամակ` ուղղված նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, որն ստորագրվել էր «ՌԴ քաղաքացիների» կողմից. «Մենք ուզում ենք հասկանալ, արդյոք ՌԴ-ը գնում է  մի այնպիսի ճանապարհով, որը թույլ է տալիս Ռուսաստանի քաղաքացի մի ազգի ներկայացուցիչներին կոպիտ խախտել օրենքը եւ  սպանել Ռուսաստանի քաղաքացի մեկ այլ ազգի նեևրկայացուցիչների»:

Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 28-ին` գիշերը ժամը 2-ին, Սրեդնեոխոտինսկի պողոտայում: Սանկտ Պետերբուրգի ԱԴԾ-ի վարչության երկու աշխատակիցներ վեճի են բռնվել տեղի երկու բնակիչների հետ, որոնցից մեկը եղել է 39-ամյա Զվիադ Խաչատրյանը: ԱԴԾ-ի կապիտան Իվան Կրուգլովը հանել է «Օսա» ատրճանակը եւ մի քանի անգամ կրակել Խաչատրյանի գլխին:  Տուժածի ուղեկցին հաջողվել է փախչել: Կողքով անցնող ոստիկանության հերթապահող աշխատակիցները ձերբակալել են ուժայիններին: Նրանց տարել են ոստիկանության 22-րդ բաժանմունք, որտեղ պարզվել է, որ նրանք ունեն հատուկ ծառայության աշխատակիցների  գործող փաստաթղթեր:  Անգիտակից Խաչատրյանը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Մեղադրյալն ունի դեպքերի ընթացքի իր տարբերակը: Նա պնդում է, որ իր վրա հարձակվել են, իսկ ինքը միայն պաշտպանվել է` կիրառելով զենքն ինքնապաշտպանական նկատառումներով: