Ադրբեջանական կենտրոնական հեռուստաալիքները լռում են Գուբայի ողբերգական դեպքերի վերաբերյալ, որտեղ նախօրեին զանգվածային անկարգություններից հետո պարետային ժամ է մտցվել:

Ադրբեջանի հանրային հեռուսաալիքի «Դժարչը» տեղեկատվական հաղորդումը իր սյուժեներում ներկայացրել է նախագահ Իլհամ Ալիեւի` թուրքական պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցը, որտեղ հաղորդման «մեխը» դարձել է «հայկական գազանության հրեշային դեմքի» մասին հայտարարությունը, որը դրսեւորվել է Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանության» ժամանակ: Մանրամասն լուսաբանվել է Երեւանում երեկ տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:

Հաղորդման վերջում հաղորդավարը ավանդաբար կոչ է անում «մնալ առաջինը եւ իմանալ առաջինը», մինչդեռ հեռուստադիտողներին բախտ չվիճակվեց իմանալ Ադրբեջանում տեղի ունեցող դեպքերը:

ATV-int միջազգային հեռուստաալիքը եւս եթերում չի հրապարակել Գուբայի իրադարձությունները` միայն հոգալով հակահայկական քարոզչության չափաբաժնի ավելացման խնդիրը:

Aztv  պետական հեռուստաալիքի «Խեբերլեր» տեղեկատվական ծրագիրը ավելի լավ «ելք» չի գտել, քան ուղղակի ձեռ առնել իր համերկրացիերին` ներկայացնելով տեսանյութ եվրոպական քաղաքներում տեղի ունեցող բողոքի ակցիաների եւ գործադուլների մասին` լիակատար լռություն պահպանելով Գուբայի իրադարձությունների վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ Գուբայի քաղաք էր մտցվել ՆԳՆ ուժեր: Հայտարարվել է պարետային ժամ: Զանգվածային հարցաքննություններ են սկսվել: Մարտի 1-ին Գուբայի մոտ 10 հազար բնակիչ բողոքի ակցիա էր կազմակերպել` պահանջելով շրջանային գործադիր իշխանության ղեկավարին հրաժարականը: Ցույցը ցրելու ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

Իվան Ղարիբյան