Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «ՌՈՒՍԱԼ» ընկերության կազմի մեջ մտնող «ԱՐՄԵՆԱԼ» գործարան եւ ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացին եւ առաջիկա ծրագրերին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոլորտի հետագա զարգացման խնդիրներն ու հեռանկարները, ինչպես նաեւ Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Իր խոսքում Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ոլորտում գործող հայաստանյան 28 ձեռնարկություններից 5-ը մասնակցում են խորհրդակցությանը եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, մշակել է արդյունաբերության զարգացման նոր ծրագիր: «Այդ տեսակետից մետաղագործությունն իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այն ունի աճի եւ արտահանման մեծ ներուժ: Մեր մետաղագործական ձեռնարկությունների մի մասն աշխատում է տեղական հումքի վրա, եւ այս ոլորտում ներդրումների կարիք կա: Կոնկրետ «ՌՈՒՍԱԼ»-ի գործառույթները ՀՀ-ում ցույց են տալիս, որ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ապահովում է բավական բարձր արտադրողականություն եւ նոր շուկաներ է բացում: Այս քննարկման ընթացքում ցանկանում ենք պայմանավորվածություններ ձեռք բերել, թե ինչպես ենք այս ոլորտը պատկերացնում ապագայում, եւ դրա համար դուք ինչ ակնկալիքներ ունեք կառավարությունից, կառավարությունն ինչ պարտավորություններ պետք է ստանձնի, որպեսզի մետաղագործության ոլորտում արդյունավետ ներդրումային ծրագրեր իրականացվեն»,- նշել է վարչապետը:
Նա կարեւորել է մի քանի օր առաջ Եվրամիության հետ մեր երկրում խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը. «Եթե այդ գործընթացում հաջողություն արձանագրենք, ապա մեր տնտեսվարողների համար եվրոպական շուկան ամբողջությամբ կբացվի, ինչը կոնկրետ այս ձեռնարկության համար էական նշանակություն ունի: Դա կավելացնի շահութաբերությունը, կկրճատվի ծախսատարությունը, որովհետեւ Եվրոպայում հնարավոր կլինի ապրանքն իրացնել ամբողջությամբ, եւ, ինչպես տեղեկացրեցին ձեռնարկության մասնագետները, Եվրոպայում գները մեզ համար ավելի շահավետ են, քան ԱՄՆ-ում: Կառավարությունը որոշակի արտոնություններ է սահմանում խոշոր ներդրողների համար, եւ այդ տեսակետից ցանկանում ենք, որ ձեր ներդրումային մոտեցումները եւ ծրագրերը կանխատեսելի լինեն:
Բացի գործող ռեժիմներից, այս տարի ընդունեցինք «Ազատ տնտեսական գոտիների մասինե ՀՀ օրենքը, որն արդեն ուժի մեջ է մտել: Պատրաստ ենք մասնավոր ներդրողների հետ քննարկել նոր ծրագրերը, որպեսզի ազատ տնտեսական գոտու հարթակը հասանելի լինի: Դրա առանձնահատկությունն այն է, որ այնտեղ պետք է հայտնվեն ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, եւ խթանվի նորարարությունը: Ուրախ ենք, որ գործարանում աշխատավարձի մակարդակը բավական բարձր է, գերազանցում է միջին հանրապետական աշխատավարձը 2.5 անգամ: Դրա համար շահագրգռված ենք օժանդակելու ձեռնարկությանը, որ այն աշխատի ամբողջ հզորությամբե:
Կառավարության ղեկավարը նաեւ ողջունել է գործարանի արդիականացման նոր ծրագրի մշակումը, ինչը հնարավորություն կտա արտադրել համաշխարհային շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրորակ ալյումին:






























