Արեւմուտքն ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների, ետ է քաշվել Մերձավոր Արեւելքի քրիստոնեական փոքրամասնություններից, այդ թվում` հայերից: Այս մասին NEWS.am-ին ասել է Ռուսաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը: Նրա խոսքով` մերձավորարեւելյան պետություններում արեւմտյան երկրների կողմից հովանավորվող հուզումները հանգեցնում են արմատական իսլամիստների իշխանության գալուն, որոնց հետ քրիստոնյաների համար դժվար է լինելու:
«Ֆրանսիայի Սենատն օրենք ընդունեց ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության մերժումը քրեորեն պատժելու համար: Սակայն հետո Սահմանադրական խորհուրդն այն հակասահմանադրական ճանաչեց: Երբ օրենքն ընդունվեց Սենատի կողմից, Հայաստանում ֆրանսամետ աժիոտաժ էր տիրում: Սակայն պետք է մտածել, թե ինչի կարող է հանգեցնել նույն Ֆրանսիայի գործունեությունը Մերձավոր Արեւելքում»,-նկատել է քաղաքագետը:
Նրա խոսքով` Արեւմուտքն ընդհանուր առմամբ, եւ Ֆրանսիան` մասնավորապես, ապակայունացնում են իրավիճակը Մերձավոր Արեւելքում, ինչը կարող է հանգեցնել քրիստոնյաների, այդ թվում`հայերի դուրս մղմանը տարածաշրջանից: «Միաժամանակ` քրիստոնեական փոքրամասնությունը շատ կարեւոր դեր է խաղում ուժերի հավասարակշռտության եւ կայունության աջակյցության հարցում: Սիրիայում եւ Լիբանանում հայ համայնքը, մասնավորապես, շատ նշանակալի է Հայաստանի անվտանգության ապահովման տեսակետից` ամրապնդելով նրա տարածաշրջանային դիրքերը: Իր գործունեությամբ Ֆրանսիան խաթարում է կայունությունն այդ երկրնեում` ետ դառնալով եւ նրանց թողնելով սուննի արմատականների քմահաճույքին: Դժվար չէ պատկերացնել, որ դա կարող է հանգեցնել Մերձեավոր Արեւելքին քրիստոնյաների դուրս մղմանը»,-ասել է Արեշեւը:




























