Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` մարտի 2-ին, Հայաստանի ՄԱԿ-ի անդամակցության քսանամյակի կապացությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Այս օրը պատմական է հայ ժողովրդի համար։ Նորանկախ Հայաստանը, առաջնորդվելով համամարդկային արժեքներով եւ խաղաղ համակեցության հիմնարար գաղափարով, քսան տարի առաջ միացավ միավորված ազգերի ընտանիքին։

Հայաստանը  պատվով է ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որոնք համահունչ են մեր ժողովրդի իղձերին:

Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել ՄԱԿ-ի  նպատակների իրականացմանը՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը, խաղաղ միջոցներով  եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա վեճերի կարգավորմանը, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը: 

Հայաստանը շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի գործունեությանը` միջազգային հանրության համատեղ ուժերով նպաստելով մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ու խնդիրների լուծմանը, մարդկության համար առավել խաղաղ, անվտանգ, ապահով եւ արժանապատիվ ապագայի կերտմանը»: