Ռուսաստանը պատրաստ է  փոխադարձ հիմքի վրա Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմ կիրառել եւ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Այդ մասին մարտի 2 –ին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Մենք  շահագրգռված ենք եղել եւ մնում Ռուսաստանի եւ Վրաստանի ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմամբ: Պատրաստ ենք փոխադարձ հիմքով Վրաստանի քաղաքացիների համար մտցնել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի վրացական կողմը հուսալի իրավական պայմաններ ապահովի,  որոնք կերաշխավորեն Վրաստան այցելող ռուսաստանցիների անվտանգությունը»,- տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, ինչպես նշում է «Ինտերֆաքսը», Լուկաշեւիչն ուղիղ տեքստով առաջարկել է «վերականգնել երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները»: Մոսկվան սպասում է Վրաստանի արձագանքին, ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, փետրվարի 28-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին  հանդես էր եկել Ռուսաստանի հետ վիզային  ռեժիմը չեղյալ հայտարարելու նախաձեռնությամբ: Հաջորդ օրը` փետրվարի  29-ին Վրաստանը միակողմանի կարգով չեղյալ էր համարել վիզային ռեժիմը: