Խորհրդային հայտնի երգչուհի Լյուդմիլա Զիկինայի թանկարժեք զարդերը աճուրդում վաճառվել են 31 մլն 787 հազար ռուբլով (1 մլն 96 հազար դոլար)։ Նախնական տեղեկություններով, լոտերի մեծամասնությունը հեռախոսով գնել է երգչուհու վաղեմի երկրպագուներից մեկը, որի անունը առայժմ չի հաղորդվում։

Առաջին միլիոնանոց լոտը դարձել է 96-րդը՝ բնական ադամանդներով ոսկե ականջօղերը վաճառվել են 3 մլն 200 հազար ռուբլով. Դրա նախնական գինը 270 հազար ռուբլի էր։ Լյուդմիլա Զիկինան շատ հաճախ էր այդ ականջօղերը կրում հրապարակային միջոցառումների ընթացքում։

98-րդ լոտը հետաքրքիր պատմություն ունի։ Մեծությամբ առանձնացող զմրուխտները կարող են պատկանած լինել մահարաջիների ընտանիքին եւ, ենթադրաբար, դրանք Զիկինային մատուցվել են իբրեւ նվեր, երբ նա Հնդկաստանում էր։ Արդյունքում լոտը վաճառվել է  1,5 միլիոնով։

Սպիտակ եւ դեղին ոսկուց եւ ադամանդներով ու զմրուխտներով զարդարված շքեղ մատանին վաճառվել է 450 հազար ռուբլով, իսկ Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի նվիրած 127 բնական ադամանդներով վզնոցը վաճառվել է երկու միլիոն ռուբլով։