Հայաստանի առողջապահության նախարարությունը դեղերի մատակարարման պայմանագիր է կնքել «Նատալի ֆարմ» ընկերության հետ` 913 մլն դրամի չափով: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքէջից: Գնվող դեղորայքի մոտավորապես կեսն ինսուլին է:

Մասնավորապես` «Նատալի ֆարմը» պարտավորվել է մատակարարել մոտ 992 հազ. սրվակ կարճատեւ եւ միջին ազդեցության ինսուլին` յուրաքանչյուր սրվակը 480 դրամով: Ինսուլինի ընդհանուր արժեքը մոտ 476 մլն դրամ է:

Նշենք, որ 2012 թ. պետական բյուջեով մոտ 3.7 մլրդ դրամ է հատկացվել դեղորայքի գնման նպատակով: Ծրագրի  շրջանակներում  ձեռք  կբերվի  հոգեմետ,  չարորակ նորագոյացություններով հիվանդների,  շաքարային եւ ոչ շաքարային դիաբետով հիվանդների, էպիլեպսիայով, պարբերական հիվանդությամբ հիվանդների, երիկամների փոխպատվաստում տարած հիվանդների համար դեղորայք:

Դեղերի գնումներն իրականացվում են ոչ թե մրցույթով, այլ շրջանակային համաձայնագրերի հիման վրա, երբ հայտ ներկայացնող դեղագործական կազմակերպությունների հետ կնքվում են նախնական պայմանագրեր:

Նշենք, որ «Նատալի ֆարմ» ընկերության սեփականատերը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: