Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով, քանի որ կարծում է, որ իր տարիքում անհարմար է շրջել բակերով եւ ընտրողներին խնդրել քվեարկել իր օգտին: Այս մասին, այսօր` մարտի 5-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ռաֆիկ Պետրոսյանը:
«Ես այն տարիքում եմ, երբ անհարմար եմ զգում կանգնել բակերում եւ խնդրել բնակիչներին, որպեսզի նրանք քվեարկեն իմ օգտին, արդեն այդ ժամանակները չեն: Եթե կուսակցությունը կարեւոր համարի, ապա իմ անունը կլինի համամասնական ցուցակում», - նշել է Պետրոսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ավելի վաղ մամուլի ասուլիսին նա հայտարարել էր, որ երիտասարդ է, իսկ այժմ խոսում է տարիքի մասին, Պետրոսյանն ասել է. «Իրավացի եք, ես հայտարարել եմ այն մասին, որ երիտասարդ եմ, եւ նկատի եմ ունեցել իմ ձգտումը, իմ մտավոր կարողությունները եւ խորհրդարանում աշխատելու ին հնարավորությունը: Ես բուն տարիքը նկատի չեմ ունեցել: Այժմ ես անտեղի եմ համարում գնալ բակերով եւ խնդրել: Ինքնագովեստ չհամարեք, բայց խորհրդարանական աշխատանքում ինձ հետ ոչ ոք չի կարող մրցել»:




























