Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, մարտի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում, մահացել է կալանավոր,  55-ամյա Ռաֆիկ Բարսեղյանը: Նախնական ախտորոշումը` ենթաստամոքսային գեղձի ուռուցք` լյարդի բազմաթիվ մետաստազներով, լիմֆո հանգույցների ախտահարումով:

Ռաֆիկ Բարսեղյանը մեղադրվում էր 266 հոդվածի 1 մասով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 1 մասով (թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ դրանց պատրաստման կամ արտադրության համար պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը):

Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ վերջին 2 շաբաթում սա կալանավորի մահվան թվով երրորդ դեպքն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 24-ին, նույն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել էր մեկ այլ դատապարտյալ, 31-ամյա Հարություն Աղեկյանը: Նա փետրվարի 12-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 24-ին, ժամը 21:10-ի սահմաններում մահացել էր: Նախնական ախտորոշումը` դիլատացիոն կարդիոմիոպաթիա:

Հ. Աղեկյանը 12.11.2010թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 1,4 կետերով (ավազակություն` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) եւ 178 հոդվածի 2 մասի 1 կետով (խարդախությունը, որը կատարվել է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) դատապարտվել էր 7 տարի ազատազրկման:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եւս մեկ մահվան դեպք էր գրանցվել փետրվարի 25-ին: Մահացել էր նախկինում մեկ անգամ ազատազրկման դատապարտված, 29-ամյա Մուշեղ Ջումշուդյանը: Նախնական ախտորոշումը` թոքերի տուբերկուլյոզ, ՄԻԱՎ-ՁԻԱՀ 4-րդ փուլ:

Մուշեղ Ջումշուդյանը 2011 թվականի հուլիսի 9-ին Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1 մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) եւ 268 հոդվածի 1 մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) դատապարտվել էր 8 տարի ազատազրկման: