2012 թվականի հունվարին Հայաստանի պետբյուջեի եկամուտներն աճել են 3%-ով եւ կազմել 58,8 միլիարդ դրամ կամ 151 միլիոն դոլար: Այս մասին, այսօր` մարտի 5-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարարության բյուջետային հաշվետվությունների եւ վերլուծությունների վարչության պետ Գայանե Զարգարյանը:
Հարկերի, տուրքերի եւ սոցիալական վճարների ծավալը կազմել է 55,4 միլիարդ, որը հիմնականում պայմանավորված է ԱԱՀ-ով:
Եկամտի աճը կազմել է 4,6%: Հիմնականում հարկային վճարումների մասով գրանցվել է աճ, բացառությամբ` շահութահարկի:
Հունվարին բյուջեի ծախսը կազմել է 37,2 միլիարդ դրամ կամ մոտավորապես 96 միլիոն դոլար: Նախորդ հունվարի հետ համեմատած`ծախսերն ավելացել են 0,7%-ով: Բյուջեի հավելուրդը կազմել է 21,6 միլիարդ դրամ` համեմատած 2012 թվականի առաջին եռամսյակի ծրագրային 27,3 միլիարդ դեֆիցիտի հետ: Հիմնական ծախսերը եղել են ընթացիկ, որոնք կազմել են 36,4 միլիարդ դրամ, եւ որոնք աճել են 3,5%-ով:



























