«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում նկատվում է արտարժույթի առուվաճառքի ծավալների ընդլայնում: Սակայն փոխարժեքային լուրջ տատանումներ չկան, թեեւ դոլարն ընդհանուր առմամբ պահպանում է թանկացման միտումներ: Բանկերի համար առայժմ «ուղենշային» է համարվում 1 դոլար/389 դրամ փոխարժեքը` վերջին շաբաթներին փոխարժեքը գործնականում չի հեռանում այդ մակարդակից: Ընդ որում` ՀՀ Կենտրոնական բանկի միջամտությունը փոխարժեքին հասցվել է նվազագույնի: Այսպես` անցյալ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն ընդհանրապես արտարժույթի շուկայում գործառնություն չի իրականացրել, իսկ դրան նախորդող շաբաթվա ընթացքում վաճառել է ընդամենը 2.5 մլն դոլար:
Այսօր` մարտի 5-ին դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 388.94 դրամ: Ուրբաթ օրվա համեմատ դոլարը փոքր ինչ թանկացել է (0.19 կետով կամ 0.05 %-ով):
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 4.78 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը գործնականում դադարել են 1դոլար/389 դրամ փոխարժեքով դոլար վաճառել` վաճառքը սկսում է 389.5 դրամից: Դոլարի առքի փոխարժեքը բարձրացվել է առավելագույնը մինչեւ 388 դրամ:




























