«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի դեմ հանդես գալուց հետո ինձ վրա ճնշում չի գործադրվել, ընդհակառակը, ընդմիջման ժամանակ ինձ մոտեցավ Գալուստ Սահակյանը եւ ասաց. քվեարկիր այնպես, ինչպես ճիշտ ես համարում:
Այդ մասին, այսօր` մարտի 5-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:
«Այդ թեմայով ոչ մի խոսակցություն չի եղել եւ ես դեմ եմ քվեարկել վերոնշյալ օրինագծին: Ես դեմ եմ քվեարկել այն բանին, որ ԶՈՒ-ն կարող է օգտագործվել հանրահավաքների անցկացման սահմանափակման կամ արգելման գործում: Ես հենց այդ կետին եմ դեմ, քանի որ ամբողջ աշխարհում եւ միջազգային իրավունքում ընդունված չէ, որ ԶՈւ-ն դառնա միջոց մի քաղաքական ուժի ձեռքում` մյուսի դեմ մղվող պայքարում: Մենք զրուցել ենք Արդարադատության նախարարի հետ այդ հարցի վերաբերյալ, եւ միանգամայն հավանական է, որ օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ այն կներկայացվի առանց այդ կետի: Եթե դա տեղի չունենա, ես կրկին դեմ կքվեարկեմ»,-ասել է Պետրոսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նրա գործընկերները չե՞ն վիրավորվել այն հայտարարությունից, ըստ որի այդ օրինագիծն ընդունելով ԱԺ-ն վերածում են «փալասի»` Պետրոսյանը նշել է. «Դա, ըստ էության, արտահայտություն է... Ոչ ոք չի դժգոհել, եւ ես նման հայտարարություն չեմ արել, որ նրանց վիրավորեմ, ես դա ապագայի համար եմ ասել, եթե արտակարգ դրություն հայտարարվի եւ խորհրդարանը հավաքվի եւ մենք որոշում ընդունենք, հենց այդ դեպքին էր վերաբերում իմ հայտարարությունը: Ես այդ հարցում ճիշտ եմ»:
Մամուլի ասուլիսի մեկ այլ բանախոս, խորհրդարանի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանն, իր հերթին, նշել է, որ ողջունում է Պետրոսյանի այդ պահվածքը, քանի որ նա գործել է իր մասնագիտական պարտականության համաձայն. «Սակայն Պետրոսյանի այդ հայտարարությունը հանգեցրեց նրան, որ գործընկերները նրան չեն ցանկանում տեսնել համամասնական ցուցակում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ռաֆիկ Պետրոսյանը` խոսելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինածի վերաբերյալ, ասել է Ինչո՞ւ եք Ազգային Ժողովը դարձնում «փալաս»:
«Ճիշտ է, ՀՀ նախագահն ամեն կերպ ձգտում է երկրում ապահովել հասարակական համերաշխություն, կանխել բախումները, բայց նման օրենքներ ընդունելիս պետք է նկատի ունենանք, որ իր նախագահության օրոք դա կարող ենք ապահովել, բայց հաջորդիվ կարող է գալ մի նախագահ, ով բռնապետական մեթոդներից ելնելով այս օրենքն օգտագործի հենց ժողովրդի դեմ»,- բառացի նշել է պատգամավորը` մտահոգություն հայտնելով բանակը ժողովրդի դեմ օգտագործելու հնարավորության մասին:




























