Լիբանանյան կապիտալով «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն գրանցվել է որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի անդամ: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են բորսայի մարքետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտից:

Բանկը 2009թ.-ից մասնակցում էր բորսայի արտարժույթի հարթակում, իսկ 2010թ.-ից` նաեւ վարկային ռեսուրսների հարթակում: Բորսայի անդամի կարգավիճակը հնարավորություն է տալիս մասնակցել բորսայական առեւտրին՝ բոլոր շուկաներում եւ հարթակներում:

Նշենք, որ 2007թ. բանկի 100 % բաժնետոմսերը ձեռք բերվեցին «Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ»-ի կողմից: Վերջինս հանդիսանում է Լիբանանյան խոշորագույն բանկերից մեկը, որը գործում է մի շարք երկրներում` Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Սուդան եւ այլն: 2008թ. «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն են ձեռք բերել Զարգացման եւ Վերակառուցման Եվրոպական Բանկը (25 %+1) եւ ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը (10%):

Առ այսօր Բորսայի անդամ եւ շուկայի մասնակից են թվով 32 ընկերություն, որոնցից 26-ը հանդիսանում են Բորսայի անդամ, իսկ 6 ընկերությունը՝ շուկայի մասնակից: