Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, այսօր` մարտի 5-ին, հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հետ եւ քննարկել ՀՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի կատարած աշխատանքի հիմնական ուղղությունները:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գ. Սահակյանի գնահատմամբ` օրենսդիր մարմինը պետք է լինի երկրի կայունության հիմնական գործոններից մեկը, եւ այդ առումով ներկա խորհրդարանը համատեղել է իր ուժերը` դիմագրավելու տնտեսական ու ֆինանսական ճգնաժամերը: Մի կողմից փորձ է արվել օրենսդրական աշխատանքով բարենորոգելու տնտեսությունը, մյուս կողմից  անհրաժեշտություն է առաջացել կայուն պահելու երկիրը` չվնասելով քաղաքական ուժերի ակտիվությանը:

Անցած 5 տարիներին խորհրդարանը համագործակցել է գործադիր իշխանության հետ` կյանքի կոչելու տնտեսության զարգացման ծրագրերը:

Հարցին, թե իշխող կուսակցությունն ինչպե՞ս է գնահատում գալիք խորհրդարանական ընտրությունների դերը Հայաստանի հետագա դեմոկրատական զարգացումների գործում, Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ նախորդ տարիների դրական ձեռքբերումների շարունակականությունը մեծապես պայմանավորված է լինելու Ազգային ժողովի գալիք ընտրություններով:

Որպես իշխող քաղաքական ուժ` իրենք շատ լավ են գիտակցում, որ եթե ընտրություններում թերություններ արձանագրվեն, պատասխանատվության մեծ բաժինն ընկնելու է իրենց քաղաքական թիմի վրա: Խախտումները բացառելու նպատակով կատարելագործվել է Ընտրական օրենսգիրքը, ինչը այժմ բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնելու ընտրական գործընթացների վրա:

Անդրադառնալով կուսակցության համամասնական ցուցակին` Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն սկզբունքային մոտեցում է ցուցաբերելու այս հարցում` ցուցակում ընդգրկելով քաղաքական եւ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու ունակ, հասարակությանը հայտնի մարդկանց: Որոշակի փոփոխություններ կլինեն նաեւ կանանց ներգրավվածության առումով:

«Մեր կուսակցությունը շատ լավ է գիտակցում գալիք ընտրությունների  դերն ու դրանք արդար անցկացնելու կարեւորությունը, ուստի կողջունի բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ցանկություն կունենան աջակցելու ընտրությունների վերահսկողությանը»,-ասել է Գալուստ Սահակյանը: