Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել Երեւանում նոր մայրուղի կառուցելու ներդրումային ծրագիր: Հարցը ներառված է մարտի 7-ի կառավարության նիստի օրակարգում:

Ըստ այդմ` նոր մայրուղին կապելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ծովակալ Իսակովի պողոտան եւ Լենինգրադյան փողոցները: Նոր ավտոմայրուղու երկարությունը 2.6 կմ է:

Շինարարությունն իրականացնելու է «Սահակյանշին» ընկերությունը` սեփական միջոցներից: Ծրագրի կատարումն ապահովելու համար քաղաքապետարանն ու մասնավոր ընկերությունը յուրօրինակ բարտեր են կատարելու. քաղաքապետարանը անհատույց 3.5 հա հողատարածք կհատկացնի «Սահակյանշին» ընկերությանը, փոխարենը վերջինս այդ տարածքում կկառուցի ավտոճանապարհ:

Այդ հողատարածքների շուկայական արժեքը քաղաքապետարանի կողմից գնահատվել է քառ. մետրը 25-70 հազ. դրամ, հետեւաբար` հողատարածքի ընդհանուր արժեքը տատանվում է 1.3-3.7 մլրդ դրամի սահմաններում: Իսկ ճանապարհի շինարարության համար, ըստ նախագծի, անհրաժեշտ է առնվազն 3.7 մլրդ դրամ:

Սակայն ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն առարկել է այս գործարքին` առաջարկելով մայրուղին կառուցել բյուջեի կամ վարկի հաշվին, հաշվի առնելով, որ մայրուղու կառուցումից հետո ճանապարհի հարակից հողատարածքների շուկայական արժեքը կտրուկ կմեծանա: Այս տարբերակը, սակայն, քաղաքապետարանի կողմից մերժվել է: