«Հայ սուպերսթար-5» երաժշտական նախագծի չորրորդ հաշվետու համերգը գարնան պես թարմ ու զգացմունքային ստացվեց: Միգուցե մասնակիցներն արդեն սկսում են սովորել բեմին եւ լույսերին, կամ էլ նրանց համար ընտրված երգացանկը հոգեհարազատ էր, սակայն ակնհայտ էր, որ այս անգամ երգիչներն ամբողջությամբ տրվել էին երգին: Ամեն ինչ չէ, որ ստացվում էր, բայց ձգտումը նկատելի էր: Օբյեկտիվորեն, միայն սկսած այս համերգից կարելի է ասել, որ շոուն, ի վերջո, կայացել է: Մինչ այս համերգներն ավելի շատ փորձերի էին նման` ավելի կամ պակաս հաջողված: Բայց, ինչպես հայտնի է, չի սխալվում միայն նա, ով չի աշխատում:
Հարկ է նկատել, որ մեծ ավանդ ուներ նաեւ ժյուրին, որ թերեւս գարնան ազդեցության ներքո կատակներ էր անում, ինչը հատուկ համ էր տալիս եւ կենդանացնում շոուն:
Դե իսկ հիմա անցնենք մեր սովորական գործին` «թռիչքների հաշվմանը»: Մարտի 8-ի նախօրեին համերգի թեման գեղեցկությունն ու մայրությունն էին: Ուստի տրամաբանական կլինի սկսել տղամարդկանցից, որոնց շարքերը զգալիորեն նվազել էին Արմեն Մարդանյանի կողմից մրցույթը լքելուց հետո: Բայց նրանց մասին շատ մտածել պետք չէ. Մրցույթի երկրպագուները նրանց չեն թողնի նեղացնել` զանգվածաբար ձայներ տալով սկանդալային Արթուր Մացակյանի եւ քաղցրաձայն Երվանդ Մաթեւոսյանի օգտին: Հանուն արդարության, նրանք երկուսն էլ բավական լավ ելույթ ունեցան: Երվանդի կատարումը շատ համոզիչ եւ ներդաշնակ էր: Նիկոլայ Նոսկովի «Ես սիրում եմ քեզ» երգը նա կատարեց ագրեսիայի ողջամիտ չափաբաժնով, ինչը, ըստ երգիչ Անդրեի, սիրուն չի խանգարի: Կար դրայվ, զգացմունք, տղամարդկային խարիզմա: Ընդհանուր առմամբ, սա Երվանդի լավագույն ելույթներից էր, որտեղ նրան հաջողվել էր կոտրել իր մասին ձեւավորված` երգչախմբի տղայի կարծրատիպը: Հետաքրքիր կլիներ Երվանդին տեսնել որեւէ լուրջ լիրիկական կատարմամբ:
Արթուր Մացակյանը, ում Լեյլա Սարիբեկյանը կնքել է որպես«Մարդ-տոն», իսկական տոն պարգեւեց: Լեգենդար Բոբ Մարլիի No woman no cry հիթը բոլորին դուր եկավ մեկ վերապահմամբ, տղային որեւէ կերպ չի հաջողվում զարմացնել ժյուրիին: Արթուրի համար շատ հարմար է ռեգգի ոճում, եւ խաղադրույքն էլ արվել էր ժանրային համապատասխանության վրա: Ձկան համար ավելի հեշտ է լողալ, քան` քայլել: Եւ այստեղ չի կարելի չհամաձայնել Ավետ Բարսեղյանի եւ Գարիկ Պապոյանի հետ, որոնք նշեցին, թե Արթուրի համար դժվարություն չի ներկայացնում լինել իր տարերքի մեջ, ինչպես ձուկը ջրում: Այս ժանրում Արթուրը փայլում է, սակայն ի՞նչ կլինի, եթե նրան ափ նետեն: Իսկապես, կցանկանայինք տեղեկանալ, արդյոք նա կարո՞ղ է իրեն ցուցադրել լուրջ դրամատիկ կատարողի դերում:
Արթուրի համար երգացանկ ընտրելը շատ բարդ է` հաշվի առնելով իր արտառոց կերպարը, բայց հաճելի կլիներ տեսնել խորություն նրա կատարումներում:
«Պատկերացրու, որ դու թանկարժեք նվեր ես գնել, մազերդ հարդարել, հագնվել ու գնացել շնորհավորելու մայրիկին: Բայց երբ մայրիկը բացում է դուռը, դու ոչ գրկում, ոչ էլ համբուրում ես»,- բնութագիր, որ Ավետ Բարսեղյանը տվեց միանգամից երկու կատարողների` Անահիտ Հարությունյանին եւ Արաքսյա Ամիրխանյանին: Թերեւս, ավելի լավ համեմատություն անել հնարավոր չէր, եւ Ավետն էլ առիթը բաց չէր թողնում կատակներ անելու:
Գարնանային սրացում` կատակեց Արամ MP3-ը հաղորդավարի վերաբերյալ, ով ամենաշատն էր կատակում, բայց միաժամանակ ամենաքննադատողն ու հոռետեսն էր ժյուրիի կազմում: Արաքսյան ու Անահիտը երգում էին հայերեն, մայրիկների մասին եւ մայրիկների համար: Զգացվում էր, որ ճղվում են միջից, բայց չստացվեց, չկարողացան: Ժյուրին էլ երկատվել էր, Գարիկին դուր եկավ Արաքսյայի կատարումը, Անդրեին հուզեց Անահիտի կատարման զգացմունքայնությունը, իսկ Լեյլա Սարիբեկյանն ընդհանրապես կուզենար Անահիտի պես դուստր ունենալ, ով կերգի իր համար: Համենայն դեպս, Արաքսյան երգում է տարբեր ոճերում, իսկ Անահիտի կատարումից միօրինակություն է բուրում: Թեեւ օբյեկտիվորեն նա չի զիջում վոկալի առումով:
Սոնա Ռուբենյանն այս անգամ էլ կատարեց Քրիստինա Ագիլերայի երգերից, կատարեց սովորականի պես լավ, օրինակելի-ցուցադրական: Ժյուրիին դուր եկավ, հանդիսատեսին նույնպես, ինձ` ոչ այնքան: Զարմանալի է, որ նրան երկրորդ անգամ Ագիլերայի երգացանկից են երգ տալիս: Հասկանալի է, որ նա միակն է մրցույթում, ով ի վիճակի է հաղթահարել «Ագիլերայի վոկալը», բայց կույր ընդօրինակումը վարպետության ցուցադրում չէ: Չի կարելի հավերժ շահագործել միեւնույն կերպարը, առավել եւս որ համեմատությունն անխուսափելի է դառնում եւ այս դեպքում` ի վնաս Սոնայի: Նա դեռ Ագիլերա չէ եւ կարող է կորցնել իր ինքնուրույնությունը, դառնալ ձանձրալի:
Ջուլիետա Սարգսյան. ահա թե ով խնդիրներ չունի անհատականության հետ, ում որեւէ դեպքում հնարավոր չէ ձանձրալի անվանել: Բոլորին ուրախացրեց նրա վերադարձը բեմ, նախորդ համերգը նա բաց էր թողել առողջական խնդիրների պատճառով: Այս կատարողին ես կանվանեի «ամենաինտելեկտուալը» բոլորից: Նրա մեջ մի բան կա, որ ձգում եւ ստիպում է լսել: Թեեւ իր երիտասարդ տարիքին, նա արդեն հասցրել է հմտանալ հանդիսատեսի հետ «ֆլիրտի» գիտության մեջ: Կյանքում նա չարաճճի աղջնակի տպավորություն է թողնում, իսկ բեմում հառնում է ինչպես պատրաստի արտիստ: Նա հրաշալի տիրապետում է ժեստերի լեզվին, վերահսկում ձեռքերի եւ ոտքերի շարժումները: Նա հանդիսատեսից գնահատական չի մուրում, այլ բեմ է դուրս գալիս արդեն հաղթած: Իր անհատականությամբ անգամ ծածկում է վոկալի անկատարությունը: Ջուլիետան աշխատելու տեղ ունի, բայց պոտենցիալն ակնառու է:
Էլիզաբեթ Ադիկյանը ելույթ ունեցավ Լարա Ֆաբիանի «Իմ մայրիկ» երգով: Ելույթը լավ էր, սակայն չափազանց ձգտում էր նմանվել բնօրինակին: Փչացրեց ողջ տպավորությունը, երբ Լարա ֆաբիանի ակցենտով ասաց. «Մայրիկ, սիրում եմ քեզ»: Անհեթեթ ու անբնական ստացվեց: Շատ ավելի ներդաշնակ կլիներ, եթե հայերեն ակցենտով փորձեր երգել այդ հատվածը, քան բառացի պատճեներ բելգիացի աստղին: Եւս մեկ օրինակ, թե ինչպես կատարողական անհատականությունը ջնջում է երգչի զինանոցի օբյեկտիվ արժանիքները:
Тhat’s all right, mama ուրախ երգում է Լիանա Արոյանը: That’s all right, Lianna,- կասեի ես: Պլաստիկ, գեղեցիկ, ուրախ Լիանան կարողացավ փոխանցել բիթլյան կատարման տրամադրությունը: Այո, վոկալը կաղում է, բայց երբ կա տրամադրություն եւ համապատասխան էներգետիկա, շատ մեղքեր չես էլ նկատում: Կարծում եմ` Լիանան շատ ներդաշնակ կերեւար Նենսի Սինատրայի Bang bang you shot me down երգով: Փոքրիկ Ռիմա Ֆարսյանը կամաց է բացվում, սակայն առայժմ հիմքեր չկան նրան հաղթողի հավակնորդ համարել: Աբբայի Mamma mia հիթը իսկապես նրա «հագով» էր, սակայն քարիզմայի բացակայությունը խանգարում է նրան լուրջ երգչուհի ընկալել:
Համերգի մեխն ու լավագույն կատարումն, անկասկած, I will always love you երգի համատեղ կատարումն էր ամենասկզբում: Տպավորիչ էր, ճաշակով, գեղեցիկ:




























