Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում մարտի 5-ի երեկոյան անցկացվում է  ընդդիմության` «Ձախ ճակատ», «Ժողովրդական ազատության կուսակցություն» չգրանցված քաղաքական շարժումների հանրահավքը, որոնք բողոք են հայտնում մարտի 4-ին կայացած ՌԴ նախագահի ընտրությունների  կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «РБК»-ն,  երեւանյան ժամանակով ժամը 19:15-ի դրությամբ հրապարկ է դուրս եկել մոտ 5,5 հազ. մարդ:

Հանրահավաքում ելույթ են ունեցել ընդդիմության առաջնորդները` չգրանցված Ժողովրդական ազատություն կուսակցության նախագահ Սերգեյ Ռիժկովը, հայտնի գրող Սերգեյ Շարգունովը, «Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչներ Գրիգորի Յավլինսկին եւ Սերգեյ Միտրոխինը: Ելույթ ունեցողները տեղի ունեցած ընտրությունները ոչ լեգիտիմ են անվանել, մեղադրելով Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովին զանգվածային կեղծիքների ու ստելու մեջ:

Բորիս Նեմցովն իր ելույթում հայտարարել է, որ այն տեղամասում, որտեղ ինքն է եղել որպես դիտորդ,  ՌԴ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինն ստացել է ընտրողների ընդամենը 38 տոկոսի ձայները:

Իր ելույթում «Ձախ ճակատ» շարժման առաջնորդ Սերգեյ Ուդալցովը հայտնել է, թե չի պատրաստվում հեռանալ Պուշկինի հրապարակից: «Ես չեմ հեռանա այստեղից, քանի չի հեռացել Պուտինը: Սա գործելու ուղղակի կոչ չէ, բայց հուսով եմ` դուք կեհետեւեք իմ օրինակին»,- ասել է նա:

Հենց հիմա ելույթ է ունենում Սերգեյ Պրոխորովը, ով ընտրություններին երրորդ տեղն է զբաղեցրել:
Ընդդիմադիր հանրահավաքի շրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումներն ու փակվել է երթեւեկությունը:

Պուշկինյան հրապարակի մոտ ոստիկաններով եւ ներքին զորքերի զինծառայողներով 120 ավտոբուս է բերվել, գրում է Lenta.ru-ն: Նշվում է, որ այս հանրահավաքին զուգահեռ Լյուբյանկայում սկսվել են ակտիվիստների եւ սովորական քաղաքացիների ձերբակալությունները: Ոստիկանությունը փակել է ԿԸՀ-ի առջեւ գտնվող փոքր հրապարակը` վախենալով սադրանքներից:

Ականատեսների վկայությամբ, բացի ընդդիմադիրներից, հրապարակում նաեւ «սադրիչներ» են հայտնվել, որոնք ի պաշտպանություն Պուտինի պաստառներ են բացել եւ իշխանամետ կարգախոսներ են հնչեցնում: Պուշկինյան հրապարակում մի քանի միջադեպեր են եղել ընդդիմության եւ իշխանության կողմնակիցների միջեւ:

Նշենք, որ Նովոպուշկինյան հրապարակում կայացել է Կոմկուսի հանրահավաքը, որին մոտ 300 մարդ է մասնակցել:

Միեւնույն ժամանակ Մանեժնայա հրապարակում ի պաշտպանության Պուտինի հանրավահաք է ընթանում: Ոստիկանության տվյալնեորվ, դրան մոտ 10 հազար մարդ է մասնակցում:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունները կայացել են մարտի 4-ին: Վարչապետ Վլադիմիր Պուտինը հաղթանակ է տարել առաջին փուլում` ստանալով 63,6 տոկոս ձայն: