Մոսկվայի կենտրոնում` Պուշկինյան հրապարակում ռուսաստանյան ընդդիմության «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքը ավարտվել է, հավաքվածները սկսել են ցրվել հրապարակից:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հանրահավաքի պաշտոնական փակումից հետո ոստիկանությունը սկսել է ձերբակալել ընդդիմադիր ակցիայի մասնակիցներին: Ոստիկանության հատուկ ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ բախումներ են եղել, ակտիվիստները ոստիկանների վրա ձայնային նռնակներ են նետել: «Դոժդ» հեռուստաալիքը իր հերթին հաղորդում է, որ ձերբակալվածների թիվը հասնում է 15-ի: Վերջին տվյալներով, հրապարակում 25 հազար մարդ էր հավաքվել, թեեւ ոստիկանությունը նշում է 14,5 հազար թիվը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ընդդիմության ցույցը կայացել է Պուշկինյան հրապարակում: Հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել հայտնի գրող Սերգեյ շարգունովը, «Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչներ Սերգեյ Միտրոխինն ու Գրիգորի Յավլինսկին, նախագահի թեկնածու Սերգեյ Պրոխորովը, բլոգեր Ալեքսեյ Նավալնին: Ելույթ ունեցողներն ընտրությունները ոչ լեգիտիմ են ճանաչել եւ պահանջել են չեղյալ հայտարարել արդյունքները: «Ձախ ճակատ» շարժման առաջնորդ Սերգեյ Ուդալցովը հայտնել է, թե չի պատրաստվում լքել Պուշկինյան հրապարակը, քանի «չի հեռացել Պուտինը»:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունները կայացել են մարտի 4-ին: Վարչապետ Վլադիմիր Պուտինը հաղթանակ է տարել առաջին փուլում` ստանալով 63,6 տոկոս ձայն: