Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից հրապարակած գնաճի հավետվությունում հրապարակված են նաեւ տվյալներ մեր հարեւան երկրների մակրոտնտեսական իրավիճակի մասին (Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան): Քանի որ այդ երկրներում ընթացող զարգացումները անուղղակի կամ անուղղակի ազդում են նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա, բացի այդ` տարածաշրջանում առկա է բավական սուր մրցակցություն շուկաների ու ներդրողների համար պայքարում, ավելորդ չենք համարում ներկայացնել, թե մեր հարեւան երկրներում ինչպես է ընթացել 2011-ի տնտեսական տարին:
Թուրքիայում 2011թ. վերջում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են: Կառավարության գնահատումների համաձայն՝ տնտեսական աճը 2011թ. կկազմի 7.5 %՝ նախորդ տարվա 9 %-ի փոխարեն: 2011 թ. չորրորդ եռամսյակում Թուրքիայի կենտրոնական բանկն ակտիվ գործողություններ է իրականացրել արտարժույթի շուկայում՝ հանդես գալով որպես արտարժույթ տրամադրող, միաժամանակ նվազեցրել է արտարժութային պահուստավորման նորմատիվը: Արդյունքում՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի միջին անվանական փոխարժեքը տարեկան կտրվածքով արժեզրկվել է 26.2%-ով: Զուգահեռ` արագացել են նաեւ գնաճի տեմպերը` հասնելով 9.2 %-ի:
Թուրքիայի տնտեսության ճյուղերը դրսւերոել են հետեւյալ զարգացումները. վերամշակող արդյունաբերությունում երրորդ եռամսյակում աճի տեմպերը արագացել են եւ կազմել 8.9%, մինչդեռ հանքարդյունաμերության ճյուղում աճի տեմպերի դանդաղումը շարունակվել է եւ կազմել 0.3%: Մանրածախ ու մեծածախ առեւտրի եւ շինարարության ճյուղերում աճի տեմպերը դանդաղել են եւ համապատասխանաμար կազմել 9.6% եւ 10.6%: Արտահանումը շարունակվել է ավելանալ:
Վրաստանի տնտեսությունը 2011թ. գրանցել է ՀՆԱ-ի 6.8% աճ: Նշված ժամանակահատվածում զգալի իրական աճ է գրանցվել տնտեսության հետեւյալ հատվածներում. ֆինանսական միջնորդություն (26%), վերամշակող արդյունաբերություն (12%), հյուրանոցային եւ ռեստորանային ծառայություններ (10.7%), հեռահաղորդակցություն (8.5%) եւ առեւտուր (7.5%): Միաժամանակ, նվազում է գրանցվել հանքարդյունաբերության (6.3%) եւ շինարարության (1.6%) ոլորտներում: 2011թ. ընթացքում Վրաստանում գնաճը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 2.0%:
Վրաստանի տնտեսության վերականգնմամբ պայմանավորված՝ սկսել է աճել օտարերկրյա ուղղակի ներդրումների համախառն ներհոսքը: 2011 թ. առաջին ինը ամիսների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 643.1 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7%-ով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքում առաջատար են Նիդեռլանդները, Դանիան, Կիպրոսը, Թուրքիան: Բացի այդ, 2011թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ 20.5%-ով ավելացել է արտերկրից դրամական փոխանցումների ներհոսքը եւ կազմել շուրջ 1.3 մլրդ ԱՄՆ դոլար: Արտարժութային նման հոսքերի պայմաններում, 2011թ. հունվար-դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ վրացական լարիի միջին փոխարժեքը արժեւորվել է 5.7%-ով:
Վրաստանի ազգային բանկը 2011 թ. ընթացքում ներքին արժութային շուկայից «հավաքել է» մոտ 300 մլն դոլար:
Ադրբեջանի տնտեսությունը 2011թ. ընթացքում գրանցել է ՀՆԱ աճի տեմպերի դանդաղում, սակայն ոչ նավթային հատվածի ՀՆԱ աճի տեմպերն արագացել են: Նշված ժամանակահատվածում իրական ՀՆԱ աճը կազմել է 0.1%, այդ թվում` ոչ նավթային հատվածում՝ 9.4%: Միեւնույն ժամանակ, նավթային հատվածի ՀՆԱ-ի անկումը 8.7% է: 2011 թ. ընթացքում, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 5.4%:




























