Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է բարձրացնել մեր զինված ուժերի սպառազինության մակարդակը եւ բանակի մարտունակությունը` հակառակորդին պարտադրելով խաղաղություն: Այդ մասին հայտնել է Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 2011 թվականի տարեգրքի շնորհանդեսի ժամանակ ներկայացնելով մշակման փուլում գտնվող ՀՀԿ նախընտրական ծրագրի առաջնահերթությունները:
ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն փորձելու է իր նախընտրական ծրագրում անիրատեսական խոստումներ չներառել: «Այդ տեսակետից` ՀՀԿ տնտեսական քաղաքականության մոդելը պետք է հաշվի առնի Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը եւ օբյեկտիվ խոչընդոտները»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանի խոսքով` անցնող տարիների ընթացքում գլխավոր նպատակն էր պետական ինստիտուտների եւ բանակի ամրապնդումը: «Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է բարձրացնել մեր զինված ուժերի սպառազինության մակարդակը եւ բանակի մարտունակությունը` հակառակորդին պարտադրելով խաղաղություն»,- նշել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ անցած տարիների ընթացքում կառավարությունն իր միջոցառումներով ավելացրել է տնտեսության դիմադրողականությունը, փոխել նրա կառուցվածքը, բարձրացել դիվերսիֆիկացիայի աստիճանը: «Պետությունը մասնավոր հատվածի հետ ձեւավորելու է համատեղ որոշումներ ընդունելու նոր հարթակ: Իրականացվելու են ճյուղային արդյունաբերության նոր ծրագրեր, որոնց ընթացքում որոշակի պարտավորություններ են ստանձնելու եւ պետությունը, եւ մասնավոր հատվածը»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով` քաղաքացիական հասարակության հենքը միջին բիզնեսն է, ուստի ՀՀԿ նախընտրական ծրագրով փոքր եւ միջին բիզնեսը գտնվելու է պետության ուշադրության կենտրոնում: Ստեղծվելու են բարենպաստ պայմաններ` վերջինիս զարգացմանը նպաստելու համար:
Վարչապետը նշել է, որ գյուղը եւ գյուղատնտեսությունն այսուհետ դիտարկվելու է փոխկապակցվածության մեջ: «Գյուղացիներին աշխատատեղերով ապահովելու հետ մեկտեղ պետք է բարձրացվի գյուղում ապրելու հարմարավետությունը: Այդ տեսակետից, անհրաժեշտ բոլոր ծառայությունները պետք է հասանելի լինեն գյուղացուն: Այսինքն, մենք պետք հաշվի առնենք գյուղերի զարգացման հեռակարները` իրականացնելով համապատասխան ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Բացի այդ, պետությունն իրականացնելու է գյուղացու գյուղմթերքի իրացմանն օժանադակելու քաղաքականություն: «Այդ առումով, լուրջ նշանակություն կունենա «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որտեղից ընկերություններն արտոնյալ պայմաններով կկարողանան իրականացնել գյուղմթերքի մեծածավալ արտահանում»,- ասել է վարչապետը` համոզմունք հայտնելով, որ սա կնպաստի նաեւ գյուղատնտեսության ոլորտում ներդրումների էական աճին:
Անդրադառնալով սոցիալական ոլորտին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ իրականացվելու է աղքատություն ծնող պատճառների վերացման քաղաքականություն: «Ֆինանսական խնդիրը կրթություն չստանալու պատճառ չպետք է հանդիսանա: Սոցիալական անհավասարություն ծնոող պատճառներից մեկը գիտելիքի անհասանելիությունն է: Պետությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթական ծախսերը վերցնելու է իր վրա»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` պետությունն իր ֆինանսական օժանդակությունը կուղղի նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների աշխատունակ անձանց աշխատանքով ապահովմանը: Անհրաժեշտության դեպքում վերջիններիս համար կկազմակերպվի նաեւ վերապատրաստում:
Անդրադառնալով տնտեսագետներից մեկի այն հարցին, թե ինչպես է վարչապետը վերաբերվում նրան, որ որոշ կուսակցություններ իրենց նախընտրական ծրագրերը մշակելիս հիմնվում են ոչ թե հայ տնտեսագիտական մտքի վրա, այլ դիմում են արտասահմանյան մասնագետների օգնությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Իհարկե, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսագետները ներգրավված լինեն տնտեսական ծրագրերի մշակման գործում: Դրա համար էլ մենք այսօր հավաքվել ենք եւ այս երկխոսությունը կնպաստի դրան: Բայց նրանում ոչ մի վատ բան չկա, եթե մեր մշակած ծրագրերը ներկայացնենք նաեւ միջազգային փորձաքննության: Կողքից հայացքը մշտապես թարմություն է մտցնում: Դա էլ եմ ես դրական համարում»:
Նշենք, որ «Տարեգիրք 2011»-ը ներկայացնում է 50 հեղինակների աշխատանքներ, որոնք վերաբերում են տնտեսագիտության տարբեր ոլորտներին: Գրքում ներկայացված է մեր երկրի անցած տարիների տնտեսական ուղին եւ տնտեսական զարգացման հնարավոր քայլերը:




























