Մոսկվայի կենտրոնում` Պուշկինսկայա հրապարակում  ռուսաստանյան ընդդիմության հանրահավաքի ավարտից հետո մի քանի հարյուր մարդ չարտոնված երթ են սկսել, սակայն կանգնեցվել են հատուկ ջոկատայինների կողմից:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն,  երթի մասնակիցների մեծ մասը ձերբակալվել է, մնացածներին սեղմել են դեպի մետրո:

Զուգահեռաբար իրադարձությունները զարգացել են նաեւ Պուշկինսկայա հրապարակում: Իշխանությունների հետ համաձայնեցված հանրահավքից հետո  մի քանի տասնյակ անձինք հրաժարվել են հեռանալ եւ փորձել են շարունակել ակցիան: Նրանք բղավել են «Ռուսաստանը` առանց Պուտինի»:

Ընդդիմության առաջնորդներ Սերգեյ Ուդալցովն ու Ալեքսեյ Նավալնին  հայտարարել են, թե պատրաստվում են անժամկետ բողոքի ակցիայի, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: