ԱՄՆ-ում երեք տարեկան աղջիկը ողջ է մնացել մագնիսի 37 խոշոր գնդիկներ կուլ տալուց հետո:
Փեյթոն Բուշնելը, որը որովայնի շրջանում ցավեր է ունեցել, տեղափոխվել է Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի Ռենդել մանկական հիվանդանոց, հաղորդում է news.ninemsn.com.au-ն` հղումն անելով KPTV-ին:
Բժիշկները, որոնց չի հաջողվել մեղմացնել աղջկա ցավերը, ի վերջո որովայնի շրջանի ռենտգենյան նկար են կատարել եւ այնտեղ տեսել… վզնոց: Սկզբում մտածել են, որ աղջիկը ուլունք է կուլ տվել, բայց պարզվել է, որ դրանք իրար կպած մագնիսի գնդիկներ են:
Բժիշկները հաջող վիրահատություն են կատարել, եւ աղջիկը լիակատար ապաքինման շեմին է:
Հիվանդանոցի բուժքույրերից մեկը խոստովանել է, որ ցնցված է եղել աղջկա կուլ տված մագնիսների քանակից: Իր հետազոտություններում նա երբեք չի հանդիպել, որ երեխան 10 մագնիսից ավելի կուլ տա:



























