Կանադան փակել է Սիրիայում իր դեսպանատունն ու հյուպատոսարանը  եւ տուն է կանչել դիվանագիտական ներկայացուցչությունների ամբողջ անձնակազմին: Ավելին, երկրի իշխանությունները Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունման մասին են հայտարարել` ներառյալ սիրիական Կենտրոնական բանկի հետ ֆինանսական բոլոր գործարքների արգելափակումը:

Ըստ ավելի վաղ ընդունված որոշման` Դամասկոսում Կանադայի դեսպանությունը եւ Հալեպում հյուպատոսարանը բաց պետք է մնային եւ շարունակեին սահմանափակ ծառայություններ մատուցել Կանադայի քաղաքացիներին: Սակայն հետագայում Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը որոշում է կայացրել դադարեցնել ե’ւ դեսպանատան, ե’ւ հյուպատոսարանի գործունեությունը` բնակչության նկատմամբ բռնության աճի հետ կապված: 

Վերջին ամիսների ընթացքում Կանադան Սիրիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է կիրառել. Սիրիական կառավարության մի շարք անդամների մուտքի, Սիրիա ներմուծվող սպառազինման եւ ռազմամթերքի, ինչպես նաեւ միջուկային ծրագրի զարգացման շրջանակներում օգտագործվող սարքավորումների ներմուծման  արգելք: Սառեցվել են կանադական բանկերում պահվող սիրիական պետական տասնյակ ընկերությունների եւ մասնավոր անձանց հաշիվները, ինչպես նաեւ դադարեցվել են երկկողմ համագործակցության բոլոր համաձայնությունները, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: