Դեռ ժամանակ կա իրանական միջուկային հիմնախնդիրրը  խաղաղ ճանապարհով կարգավորելու համար, սակայն իրանական իշխանությունները պետք է որոշում կայացնեն միջուկային զենք ստեղծելու աշխատանքները դադարեցնելու մասին: Նման տեսակետ է արտահայտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ: Կողմերը քննարկել են  իրանական հիմնախնդիրրը, ինչպես նաեւ իսրայելա-պաղեստինյան հակամարտության եւ այսպես կոչված Արաբական գարնան խաղաղ կարգավորմանը խանգարող խնդիրները:

Մասնավորապես, Իրանի վերաբերյալ կողմերը քննարկել են, թե դիվանագիտական միջոցների եւ պատժամիջոցմերի որքան ժամանակ է մնացել, որպեսզի Իրանին համոզեն դադարեցնել աշխատանքները, որոնք ըստ  ԱՄՆ-ի եւ Իսրայելի, ուղղված են միջուկային զենք ստեղծելուն:

Նախքան բանակցություններն սկսելը լրագրողների հետ զրույցում Օբաման նշել է, որ Իսրայելը չի կարող հանդուրժել այն երկրի գոյությունը, որը միջուկային զենք ունի եւ կոչ է անում ոչնչացնել հրեական պետությունը: Նա հայտարարել է, որ հիմնախնդիրրը դիվանագիտական ճանապարհով լուծելու  համար դեռ ժամանակ կա, բայց իրանական վարչակարգը պետք է որոշում կայացնի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Օբաման նշել է, որ Իրանի վրա գործադրվող ճնշումը կավելանա` հավելելով, որ տարբերակներից ոչ մեկը բացառված չէ: ԱՄՆ նախագահը կրկնել է, որ իր վարած քաղաքականությունը զսպվածության քաղաքականություն չէ, այլ քաղաքականություն, որի նպատակն է Իրանին խանգարել միջուկային զենք ստեղծելիս:

Վարչապետ Նեթանյահուն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնված են վաղուց գոյություն ունեցող սկզբունքների վրա, որոնցից մեկն այն է, որ Իսրայելն իրավունք ունի իր անվտանգությանն ուղղված միջոցառումներ ձեռնարկել:

«Իսրայելը պետք է մշտապես ցանկացած սպառնալիքից իրեն պաշտպանելու հնարավորություն ունենա, եւ եթե քարտեզին դրված է Իսրայելի անվտանգության հարցը, ապա նա իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնելու», – ասել է Նեթանյահուն: