G8 գագաթաժողովը տեղի կունենա 2012թ. մայիսի 18-19-ին Քեմփ-Դեւիդում` ԱՄՆ նախագահի քաղաքից դուրս գտնվող բնակավայրում: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: Ավելի վաղ նախատեսվել էր գագաթաժողովն անցկացնել Չիկագոյում:
Հայտարարության մեջ ասվում է, որ ությակի հանդիպման ընթացքում կքննարկվեն քաղաքական, տնտեսական, անվտանգության ոլորտներին առնչվող տարբեր հարցեր: Հիմնական թեմաների շարքում նշվում է Իրանի միջուկային հիմնախնդիրը:
Հանդիպումը Քեմփ-Դեւիդ տեղափոխելու պաշտոնական պատճառը չի նշվում, բայց կարծիք կա, որ նման որոշման պատճառ են դարձել Չիկագոյում «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման մասնակիցների եւ հակագլոբալիստների հնարավոր ելույթները, գրում է Reuters-ը:
G8 գագաթաժողովից անմիջապես հետո (2012թ. մայիսի 19-21-ին) Չիկագոյում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի գլխավոր թեման կդառնա Աֆղանստանից զորքերը հանելու հարցը:
G8-ը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի առաջնորդների ոչ պաշտոնական համաժողովն է: Բացի այդ, համաժողովին մասնակցում է Եվրամիությունը (ԵՄ): G8 գագաթաժողովին զարգացած առաջատար երկրների առաջնորդները միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ համընդհանուր մոտեցումներ են մշակում:




























