Հայաստանի տարածքում, մարտի 6-ի, ժամը 10.00-ի դրությամբ, միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձնաբքի, մերկասառույցի եւ վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզում` Վերին Բազմաբերդ, Մեծաձոր, Թթուջուր, Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ, Նորաշեն, Ձորագլուխ, Ջրամբար, Սիփան եւ Ավշեն գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում` Արագած, Ափնա, Ծաղկաշեն, Վարդենուտ եւ Ալագյազ-Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր եւ Մաքենիս գյուղերի ավտոճանապարհները:

Այս պահի դրությամբ, Երեւան-Գորիս ավտոճանապարհի 220-233 կմ հատվածում, Մեղրի-Կապան ավտոճանապարհի 37-րդ կմ-ում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղի հատվածում առկա է քամու ուժգնացում:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Մարտի 6-ի, ժամը 10.00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն ճանապարհի Պասանաուրի - Գուդաուրի(Պոստա)  եւ Կոբի- Լարսի հատվածներում առատ ձյան  պատճառով  երթեւեկությունը արգելված է  կցորդների,  կիսակցորդների  եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի- Մլեթա հատվածում երթեւեկությունը  բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի- Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:

Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության եւ համակարգման ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է: