Գերմանիայում ինչ-որ անանուն բարեգործ է հայտնվել` իսկական Ռոբին Հուդ, ինչպես նրան անվանում են տեղի բնակիչները, որը մարդկանց ծրարներով փող է ուղարկում: Ներկա դրությամբ Բրաունշվեյգ քաղաքի բնակիչները ծրարներով 190 հազար եվրո են ստացել:
10 հազար եվրո պարունակող ծրարները հիմնականում ուղարկվում են բարեգործական ընկերությունների եւ ՀԿ-ների հասցեներով:
Առաջին այդպիսի նամակն ստացել են Հանցագործությունների զոհերի հիմնադրամի աշխատակիցները, հաղորդում է «Վեստին»:
Հաջորդ չորս ամիսների ընթացքում իրենց փոստարկղերում նման սպիտակ ծրարներ են հայտնաբերել Բրաունշվեյգի մի քանի մանկապարտեզների, հիվանդանոցների, անվճար ճաշարանի եւ եկեղեցական համայնքի աշխատակիցները: Այդ բոլորի մասին տեղեկատվությունը Ռոբին Հուդը վերցրել է Braunschweiger Zeitung թերթից:
Որոշ ժամանակ առաջ Ռոբին Հուդից նամակ է ուղարկվել խմբագրությանը: Գումարից բացի, նամակում եղել է 14-ամյա Թոմի մասին հոդվածը, որը վթարի հետեւանքով հաշմանդամ էր մնացել: Երեխայի ազգանունը հատուկ ընդգծված է եղել: Խմբագրությունը գումարը փոխանցել է տղայի մորը:




























