Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) օպերատիվ հետախուզության վարչությունը 2011 թվականի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության շուրջ 650 դեպք է հայտնաբերել, որից միայն 87-ը օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն են բացահայտել:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս նոր բացահայտումներ են գրանցվել: ՊԵԿ-ի աշխատակիցներն այցելել են Երեւանի Հաղթանակ 1-ին փողոցի հետնամասում գտնվող 100 քմ տարածք զբաղեցնող շինություն, որտեղ հայտնաբերել են Արմեն Խաչատրյանին պատկանող ապօրինի գործող կահույքի արտադրամաս:

Երեւանի մեկ այլ բնակիչ էլ` Արթուր Աղբալյանն առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառվելու, Հրաչյա Քոչար փողոցի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակը թիթեղյա իրերի պատրաստման կետ էր դարձրել:

Երեւանի Սեւանի փակուղի 1 հասցեում բաժնի աշխատակիցները հայտնաբերել են Վահագն Կարապետյանին պատկանող փայտամշակման արտադրամաս` կրկին առանց պետական գրանցման: Հարկային դաշտից դուրս` Արցախի 73 հասցեում փայտամշակման արտադրությամբ էր զբաղվում նաեւ Արթուր Նիկողոսյանը: Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս նաեւ անօրինական գործող ատամնաբուժարան են հայտնաբերել: Պարզվել է, որ անհատ ձեռներեց Աննա Բաղդասարյանը չունենալով ատամնաբուժական գործունեությամբ զբաղվելու համապատասխան լիցենզիա, Երեւանի Նորագավիթ 1-ին փողոցի 54/1 տանը ատամանաբուժական ծառայություն էր մատուցում: Հայտնաբերված բոլոր դեպքերով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է: