Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ կանցկացնի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա։
Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի դեսպաններին կփոխանցվեն Անահիտ դիցուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը եւ հիմնադրամի նախաձեռնությանը միացած երիտասարդների ստորագրությունները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փետրվարի 20-27-ը կազմակերպել էր ստորագրահավաք։ Մայրաքաղաքից եւ հանրապետության տասը մարզերից շուրջ 20 հազար երիտասարդներ միացել են Մեծ Բրիտանիայի դեսպաններին հղված ուղերձին, որում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս հայկական մշակութային եւ պատմական արժեքները հայրենիք վերադարձնելու նախաձեռնությամբ։ Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում եւ ցուցադրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը եւ ձեռքերը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին վերադարձնել մշակութային այդ մասունքները, քանի որ արվեստի եւ պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են եւ որի պատմության կրողներն են»։
Ուղերձի տեքստը եւ ստորագրությունների պատճենները կուղարկվեն նաեւ Բրիտանական թանգարան։
Երիտասարդական այս նախաձեռնությանը կմիանա նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։




























