Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում հետաձգվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատաքննությունը։ Դատական նիստը սկսեց կես ժամ ուշացումով։ Իսկ երբ բերեցին ամբաստանյալներ Հովհաննես Թամամյանին, Վահան Խանզադյանին եւ Արմեն Պողոսյանին, պարզվեց, որ Արմեն Պողոսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը չի ներկայացել դատաքննությանը։ Ավելին, Արմեն Պողոսյանը հրաժարվեց իր պաշտպանից եւ պահանջեց որպես պաշտպան ներգրավել Հայկ Ալումյանին եւ հետաձգել նիստը։ Դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ պաշտպանից հրաժարվելն ու նոր պաշտպան պահանջելը ամբաստանյալի իրավունքն է եւ հետաձգեց նիստը մինչեւ մարտի 14-ը, ժամը 12-ը։

Ի դեպ, լրագրողները հարցրեցին Հովհաննես Թամամյանին, թե Մարգար Օհանյանն ասել է, որ իր գլխին սարքել է Ալիկ Սարգսյանը, իսկ ձեր գլխին ո՞վ է սարքել, ինչին ի պատասխան Հովհաննես Թամամյանը պատասխանեց, թե Մարգար Օհանյանը նման բան չի ասել։

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես  Թամամյանին  եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝  «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ:

Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի