Ընտրությունների արդյունավետության համար պատասխանատու են ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ իշխանությունը, այլ ամբողջ հասարակությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսօր` մարտի 6-ին, նման կարծիք է հայտնել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Ըստ նրա` ընտրությունների թափանցիկությունը կախված է նրանից, թե դրան ինչքանով   են պատասխանատու մոտենում բոլոր քաղաքացիները եւ քաղաքական ուժերը:

«Իշխանությունը ձեր փոխարեն չի կարող քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ: Ձեր ընտրությունն այսպես թե այնպես անում եք դուք», – վստահ է Հակոբյանը: Ընտրությունների պատասխանատվությունը կրում են  քաղաքական կուսակցությունները, քանի որ հենց նրանք են ձեւավորում հասարակական օրակարգը, իսկ ընտրությունների ժամանակ` տեղամասային ընտրական հանձնաժողովները:

Այն հարցին, թե ինչպիսին  կցանկանա տեսնել հինգերորդ գումարման խորհրդարանը, պատգամավորը պատասխանել է, որ առաջին հերթին հույս ունի ընտրողների պահանջկոտության վրա:

«Ես ուզում եմ, որ ընտրողները հետեւեն իրենց ընտրած թեկնածուների խոստումներին եւ հիշեցնեն նրանց  չկատարած գործերի մասին»,- նշել է նա:

Այն հարցին, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նման ուսումնասիրություն կատարել է իր պատգամավորների շարքերում, Հակոբյանը պատասխանել է. «Նման հարցեր բարձրացվում են նախընտրական քարոզարշավի ժամանակ, որը շուտով սկսվելու է: Մի փոքր համբերեք, այն ժամանակ էլ կստանաք ձեր հարցերի պատասխանը»: