«Մերս ասում էր բանի շառից էլ, կանանց շառից էլ հեռու մնա»: Այս մասին, այսօր` մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն` արձագանքելով գործարար Սիլվա Համբարձումյանի այն հայտարարությանը, թե ԱԺ պատգամավորն իրեն 70 հազար դոլար է պարտք:
Ավելին` Վարդան Այվազյանն իր մոր խորհրդի ճիշտ ձեւակերպումն առաջարկեց, որ լրագրողներն ուղղեն:
Նա Սիլվա Համբարձումյանից երկու հարցի պատասխան է պահանջել. «Թող հանքավայրի անունը տա եւ տարեթիվը: Մնացածը հետո ես կասեմ»: Վարդան Այվազյանը հերքեց նաեւ այն լուրերը, թե Սիլվա Համբարձումյանն իր քենին է: «Քավ լիցի», լսելով հարցն արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորը: Նա կարծում է, որ Սիլվա Համբարձումյանը վիրավորվել է, որ ինքը նրա ազգանունը չի հիշել: «Նրա հետ ծանոթ եմ եղել նախարար լինելուց հետո»,- ավելացրեց Վարդան Այվազյանը եւ եւս մեկ անգամ առաջարկեց պատասխանել այդ երկու հարցերին:
Ավելի վաղ գործարար Սիլվա Համբարձումյանը լրատվամիջոցներին հայտարարել էր, որ Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանն իրեն 500 հազար ԱՄՆ դոլար էր պարտք, քիչ-քիչ մարեց, բայց 70 հազար դոլար դեռ մնացել Է: Նրա խոսքով, ինքը Վարդան Այվազյանից հանք է գնել, որի տարածքը եւ անունը իրար չեն համապատասխանել, նա հանքը հետ է տվել, բայց Այվազյանն իրեն ամբողջական գումարը չի վերադարձրել:
Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ հանրապետությունում իրեն պարտք են երկու հոգի` Վարդան Այվազյանն ու Սուրիկ Խաչատրյանը:
«Պրինցիպի հարց ա, կազինո գնում է, բայց կնոջ պարտքը չի տալիս»,- նշել էր Համբարձումյանը:




























