Ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններին հաղթել է առաջին փուլում, եւ դա վստահ հաղթանակ էր: Այդ մասին հայտարարել է Քաղաքական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն Սերգեյ Միխեեւը` «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ-Երեւան-Աստանա հեռուստակամուրջի ժամանակ:

Նրա խոսքով, Պուտինի հաղթանակը, թեկուզ խորը կսկիծով, ընդունում են նաեւ որոշ ընդդիմադիրներ եւ իրավապաշտպան կազմակերպություններ: «Պուտինը մնում է թիվ մեկ քաղաքական գործիչը, բավական հեղինակավոր եւ վստահության մեծ չափաբաժնով»,- նկատել է փորձագետը` հավելելով, որ իրավիճակը կարող է փոխվել` կախված, թե ինչպես է կատարում նախընտրական խոստումները Պուտինը: Ըստ քաղաքագետի, ընդդիմության ներկայիս ռեակցիան, հանրահավաքների անցկացումը հետընտրական իրավիճակ է:

«Միամիտ է կարծել, թե դա ինչ-որ բան կփոխի: Պուտինը չի հանձնի իր իշխանությունը որեւէ դեպքում»,- նկատել է փորձագետը: