ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հայտարարություն են տարածել` ամփոփելով տարածաշրջանային այցի արդյունքները:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մարտի 2-6-ը այցելել են Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու, ուր հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւին, ինչպես նաեւ «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին»:
Համանախագահները կողմերին ներկայացրել են հունվարի 23-ին Սոչիում Մեդվեդեւի, Սարգսյանի ու Ալիեւի ընդունած համատեղ հայտարարության կյանքի կոչելուն ուղղված ծրագիր: Հիմք առնելով Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործընթացն արագացնելու մասին երկու նախագահների համատեղ պարտավորությունը` միջնորդները կողմերին առաջարկել են քայլեր, որոնք ուղղված են հարատեւ խաղաղության հասնելու հետագա աշխատանքին։
Համանախագահները նաեւ քննարկել են շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննման մեխանիզմների վրա տարվող աշխատանքների վերաբերյալ Սոչիի հայտարարությամբ նախատեսված պարտավորությունների կատարումը: Դրա հետ մեկտեղ քննարկվել է նաեւ ժողովուրդների միջեւ հումանիտար հարաբերություններն ու կապերը, որոնք չպետք է քաղաքականացվեն ի վնաս բանակցային գործընթացի, եւ որոնք պետք է ծառայեն տարածաշրջանի ժողովուրդների միջեւ փոխըմբռնման կայացմանը:
Համանախագահները մտադիր են մարտի 22-ին մեկնել Վիեննա` ԵԱՀԿ-ի մշտական խորհրդին տեղեկացնելու խաղաղության գործընթացում իրականացված վերջին քայլերի մասին։




























