Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ եւ Երեւանի տարածքային ստորաբաժանում եւ ծանոթացել համակարգում իրականացված համալիր բարեփոխումներին: Դրանք միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը` հետեւաբար եւ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
2012 թվականի հունվարի 1-ից կադաստրի համակարգում գործում են նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակներ, որոնք ապահովում են քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ եւ այլ) տրամադրումը: Վերացվել է դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններին ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը: Այսուհետ, էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն են ստացել դիմումները կադաստր վարող մարմին ներկայացնել առանց անձամբ այցելելու` կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով` առցանց:
Համակարգի գործառույթներից օգտվելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիներին տրամադրվում է դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ քաղաքացիները հնարավորություն ունեն կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով հետեւել իրենց դիմումի քննարկման ընթացքին:
Ամբողջությամբ մասնավորեցվել է անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը, այսինքն` պետական գրանցման նպատակով անշարժ գույքի չափագրման աշխատանքներն իրականացվում են բացառապես մասնավոր հատվածի` համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից: Վերացվել է նաեւ անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը, որի այլընտրանքն է հանդիսանում ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումը կադաստրի համակարգում:




























